Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Պետական քաղաքականության հիմնական առանցքը Սահմանադրությունն է

Պետական քաղաքականության հիմնական առանցքը Սահմանադրությունն է
20.11.2015 | 02:25

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայում նշվում է, որ «իրավունքներից և ազատություններից օգտվելը երաշխավորվում է առանց խտրականության ցանկացած հատկանիշի, այդ թվում` ազգային փոքրամասնության պատկանելության»:
Սահմանադրական փոփոխությունների նախագծի 89-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` «Ազգային ժողովում, Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով, տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնություններին»:
Այո, ճիշտը սահմանադրական մակարդակով այս նորմն ամրագրելն է, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքները հարգվում և պաշտպանվում են պետության կողմից:
Բոլորս էլ քաջ գիտենք, որ միջազգային իրավական ակտերը մեր պետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով», որին, որպես ժողովրդավարական երկիր, միացել է նաև Հայաստանը, սահմանվում է, որ «յուրաքանչյուր ոք իր երկրում պետական ծառայության մտնելու և երկրի կառավարմանը մասնակցելու հավասար հնարավորության իրավունք ունի»: Ժողովրդի կամքը պետք է լինի իշխանության հիմքը, իսկ ազգային փոքրամասնություններին սահմանադրական նախագծով նման իրավունք վերապահելը, ինքնին, ռեալ հնարավորություն է տալիս, որ ազգային փոքրամասնություններն իրենց կամքը լիարժեք արտահայտեն: Հավատացած եմ, որ այս նորմի իրականացմամբ որակապես և սկզբունքորեն կփոխվի հանրության վերաբերմունքը ազգային փոքրամասնությունների նկատմամբ, նշված նորմն էլ բոլորի համար ընդունելի կլինի:
Նորանկախ Հայաստանի պատմության ողջ ընթացքում ազգային փոքրամասնությունների ներկայացվածության հարցը Ազգային ժողովում եղել է խնդրահարույց։ Կիրառվել են ազգային փոքրամասնություններին իշխանության մարմիններում ընդգրկելու բոլոր հնարավոր եղանակները: Այսօր նախագծում նման ընթացակարգը հիմնավորելը անհրաժեշտություն է, որը ևս մեկ անգամ բարձրացնում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների պատասխանատվությունը երկրի ապագայի, պետական շինարարության գործում: Միաժամանակ այն հնարավորություն է ընձեռում ազգային փոքրամասնությունների կարգավիճակի, հիմնախնդիրների ուղղությամբ միասնական նպատակային քաղաքականություն մշակելու և իրականացնելու:
Հայոց խորհրդարանում պետք է հնչի նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ձայնը` խթանելով մեր երկրում ժողովրդավարության զարգացումն ու մարդու իրավունքների հուսալի պաշտպանությունը։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր նման քաղաքական կամք դրսևորեցին:
Կոչ եմ անում դեկտեմբերի 6-ին «այո» ասել սահմանադրական բարեփոխումներին:


Ամո ՇԱՐՈՅԱՆ

«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում
ՀԿ խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 1710

Մեկնաբանություններ